Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ունեցած ելույթով ներկայացրեց Հայաստանի պաշտոնական մոտեցումները. համոզիչ էին հատկապես ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերաբերյալ նրա բերած փաստարկները։ Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը։
«Բավականին համոզիչ էին Սերժ Սարգսյանի բերած այն փաստերը, որ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման շարժառիթները բացարձակապես հասկանալի չեն եւ դեռ հարց է՝ այդ հանձնաժողովը կօգնի՞, թե կխանգարի բանակցային գործընթացին։ Բավականի համոզիչ էին նաեւ հայկական պատվիրակության՝ այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառները»,- նկատեց Կարապետյանը։
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը դիվանագիտական ելույթ էր՝ ուղղված հատկապես միջազգային կառույցներին եւ նպատակ ուներ ցույց տալու, որ Ադրբեջանում ռասսիզմի քարոզչություն է տարվում, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ դաշինքի եւ չի ուզում որեւէ հարցում զիջել պատերազմում հաղթած հայկական կողմին։ «Իսկ ՀՅԴ-ն ասում է, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանության եւ անզիջողականության ֆոնին տարածքների հանձնման եւ զիջումներ մասին խոսելն ուղղակի միամտություն կլինի։ Նման իրավիճակում յուրաքանչյուր սխալը կարող է ճակատագրական լինել»,- ամփոփեց Հրայր Կարապետյանը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ անդրադարձ էր կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային։ Նա, մասնավորապես, սատարել էր կառույցում հայկական պատվիրակության՝ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը բոյկոտելը եւ խոսել դրա ստեղծման պատճառների անհասկանալիության մասին:




























