Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրեբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակել է հոդված, որտեղ մասնավորապես ներկայացվում է առաջիկա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցած դիվանագետի խոստովանությունը:
«Մենք դեռ երբեք հաջողությանն այսքան մոտ չենք եղել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում անկեղծացել է դիվանագետը:
Կազանում ստորագրելիք փաստթղթի բովանդակությունը կողմերը խիստ գաղտնի են պահում: Սակայն համաձայնագրի նախապատրաստական աշխատանքին մասնակցած արեւմտյան դիվանագետներից մեկը «Կոմերսանտին» հայտնել է, որ համաձայնագրի էությունը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից մադրիդյան սկզբունքների անվերապահորեն ընդունումն է: Այդ սկզբունքները ներառված են 2007թ. դեկտեմբերին Մադրիդում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահների ընդունած փաստաթղթում:
«Կոմերսանտի» զրուցակցի խոսքերով, մինչեւ վերջերս Բաքուն ու Երեւանը համաձայն էին միայն մի քանի սկզբունքների հետ, այն էլ` իրարից առանձին եւ չհամընկնող: Եվ միայն այժմ նրանց հաջողվել է համոզել ընդունել այդ սկզբունքներն ամբողջությամբ: Որոշիչ քայլն արվել է Սոչիում մարտ ամսին կայացած Մեդվեդեւի, Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպման ժամանակ, «Կոմերսանտին» ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը:
Սոչիում համաձայնեցված սկզբունքները ներառում են հակամարտության լուծման փուլային ընթացք` «ճանապարհային քարտեզ»: Սկզբում կստորագրվեն կարգավորման հիմնական սկզբունքները, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ կսկսեն աշխատանքը խաղաղության պայամանագրի վրա:
Այնուհետեւ Երեւանը պետք է վերադարձնի պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջը գրաված ադրբեջանական տարածքները, այդ թվում Ֆիզուլիի, Աղդամի, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի եւ Քելբաջարի շրջանները, նաեւ Լաչինի շրջանի 13 գյուղեր:
Այդ տարածքներում անվտանգությունը կապահովեն միջազգային խաղաղապահները: Իսկ Լաչինի շրջանում կհաստատվի Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցք:
Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը մի քանի տարի հետո կորոշվի հանրաքվեում, որը կանցկացվի փախստականների վերադարձի պայմանով: Փաստաթղթի հետ ծանոթ «Կոմերսնատի» աղբյուրի տեղեկացմամբ` գլխավորը կլինի այն, որ Բաքուն ու Երեւանը վեճերի լուծման համար կհրաժարվեն ուժի կիրառումից, ընդ որում դա կարվի իրավաբանորեն պարտավորեցնող ձեւով:
Եթե Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը ստորագրեն այդ սկզբունքները, ապա Կազանում իսկապես տեղի կունենա բեկում: Առաջին անգամ Ադրբեջանի ու Հայաստանի մոտ կհայտնվի նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաքարացած հակամարտություններից մեկի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:
Միակ բանը, որ կարող է ստվերել Ռուսաստանի նախագահի տրիումֆը` հենց բանակցությունների ընթացքում հնարավոր անակնկալներն են:
«Կոմերսանտի» զրուցակից արեւմտյան միջնորդները զգուշացնում են, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կարող է ձախողել «ամեն մի սադրանք Լեռնային Ղարաբաղում»: «Եթե հանդիպումից մի քանի ժամ առաջ կամ հետո կրակոցներ հնչեն եւ որեւէ մեկը զոհվի, ապա պայմանավորվածությունների վրա կարելի է խաչ քաշել: Այդպես արդեն եղել է մարտ ամսին Սոչիում. կողմերը կարծես թե պայմանավորվել էին, բայց հետո սահմանային փոխրաձգությունն ամեն ինչ ի չիք արեց»,- ասել է աղբյուրը:




























