Ավստրալիայի ոստիկանությունը արտաշիրիմում է կատարել երկրի պատմության մեջ «ամենաառեղծվածային»՝ «անհայտ մարդու» սպանության գործով, որի ինքնությունն այդպես էլ չի հաջողվել պարզել վերջին 70 տարիներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ABC հեռուստաալիքին։
Անհայտ մարդու դին հայտնաբերվել է 1948թ. դեկտեմբերի 1-ին ավստրալական Սոմերթոն քաղաքի լողափին։ Ավելի քան 70 տարի ոչ ոստիկանությանը, ոչ էլ հետազոտողներին այդպես էլ չի հաջողվել պարզել մարդու ինքնությունը եւ նրա մահվան պատճառը։ Վարկածներն այն մասին, թե ով կարող էր լինել այդ մարդը, տատանվում են Սառը պատերազմի ժամանակների լրտեսից մինչեւ լքված սիրեկանի սահմաններում, իսկ մահվան պատճառը ոմանք համարում են թունավորումը։ Նրա թաղման վայրում կա շիրմաքար՝ «այստեղ հանգչում է անհայտ մարդ՝ գտնված 1948թ. դեկտեմբերի 1-ին Սոմերթոնի լողափին» գրությամբ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ արտաշիրիմումից ժամեր անց ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել «անհայտ մարդու» կմախքի մնացորդները։ Կարծում են, որ այժմ հնարավոր կլինի կազմել անհայտ մարդու ԴՆԹ-պրոֆիլը, ինչը կօգնի պարզել նրա անձը եւ, գուցե, գտնել հարազատներին։ Ընդ որում՝ հեռուստաալիքը նշում է, որ ԴՆԹ վերցնելն այնքան էլ հեշտ չի լինի. հողին հանձնվելուց առաջ մարմինը պատվել է եթերայուղով ֆորմալդեհիդի օգնությամբ, ինչը կարող էր քայքայել ԴՆԹ մեծ մասը։
Ավելի վաղ Հարավային Ավստրալիա նահանգի ոստիկանությունը հրապարակել էր գլխավոր դատախազության կարգադրությունը մարմնի արտաշիրիմումի մասին՝ «հանրային մեծ հետաքրքրության» պատճառով։
Ինչպես նշում է ABC-ն, գործի «առեղծվածներից» մեկը նրա իրերն են, որոնցից կտրված են բոլոր պիտակները, ինչպես նաեւ մի կտոր Օմար Խայամի «Թամամ շուդ»-բանաստեղծությունից, որը թարգմանվում է՝ «Ամեն ինչ վերջացած է»։ Քննության արդյունքում հայտնաբերվել նաեւ թղթի մի կտոր, որի վրա նշված էին հեռախոսահամար եւ տառերի շարք, որոնք ծածկագիր են համարել։ Հենց այս հանցանշանն էլ տեղիք է տվել այն վարկածին, որ մարդը Սոմերթոնից կարող էր լրտես լինել։ Բայց ծածկագիրը վերծանելու բոլոր ջանքերը ձախողվել են։




























