Երեւանում հունիսի 24-ին ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել թիվ 3 կլինիկական հիվանդանոցից, որ վիրավոր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Կիեւյան փողոցից` որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Օպերատիվ խումբը հիվանդանոցից մեկնել է Կիեւյան փողոցի թիվ 2 հասցե, որտեղից հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 01:10-ի սահմաններում «Ավանգարդ» տաքսի ծառայության մոտ վիճաբանություն է տեղի ունեցել տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանի հետ, որի ժամանակ անծանոթ անձն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է Ղալումյանի ուղղությամբ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Սասուն Եղիազարյանի հանձնարարությամբ քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Հակոբյանի որոշմամբ, հայտնաբերված պարկուճներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի