Ղարաբաղյան հակամարտության կողմերը գտնվում են բանակցային գործընթացի մի շատ կարեւոր կետում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռաբերտ Բրադկեն Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Անդրադառնալով Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Բրադկեն ասել է. «Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, կարեւորագույն կետն է գործընթացում 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար»:
Անդրադառնալով Հիմնարար սկզբունքներին` ամերիկացի դիվանագետը նշել է. «Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգեւկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանը առնչվող կարեւորագույն հարցերը»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ամերիկացի համանախագահը նշել է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները երկար են ընթացել, առավել ինտենսիվորեն` 2007 թվականի վերջից:
«Համանախագահները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, այդ թվում` իմ նախորդը, դրա վրա տարիներով աշխատել են` փորձելով մոտեցնել այն կողմերի համար ընդունելի ձեւակերպումներին: Այժմ մենք հասել ենք [այդ] փուլին, եւ ես մեկ անգամ եւս հղում եմ անում Դովիլի հայտարարությանը, որտեղ համանախագահ երկրների երեք նախագահները ասել են, թե հավատում են, որ սեղանի վրա եղած ներկայիս տարբերակը արդարացի եւ հավասարակշռված փաստաթուղթ է: Դա հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել եւ բանակցել վերջնական պայմանագրի շուրջ»:
Նա շեշտել է, որ թեեւ Կազանի հանդիպումը հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգները նույնպես շատ ակտիվ է բանակցային գործընթացում:
Ամերիկացի միջնորդը նշել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլիթոնի ակտիվ ներգրավվածությունը գործընթացում` հիշատակելով անցած տարի նրա Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, պարբերական հանդիպումները երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների հետ:
«Մեր ընդհանուր շահն այն է, որ պատերազմ չլինի: Մենք համամիտ ենք ֆրանսիացիների եւ ռուսների հետ, որ, իրոք, խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»,- հայտարարել է Ռոբերտ Բրադկեն:




























