Հայաստանում 2009թ. թմրակախվածություն ուներ 1717 մարդ, մինչդեռ արդեն 2010թ. նրանց թիվը հասել է 2751-ի, ընդ որում, այդ թիվը վերաբերում է միայն գրանցված հիվանդներին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգոր Մալենցյանը` նկատելով, որ 2009թ. թմրադիսպանսերում բուժման կուրս են անցել 257 մարդ, իսկ 2010թ.` 359 մարդ:

Համեմատության համար Մալենցյանը նկատել է, թե 2002թ. բուժման կուրս է անցել ընդամենը 21 մարդ:

«Հայաստանում 2009թ. կար 3610 մարդ, որոնք կախվածություն ունեին թմրանյութերի ծանր տեսակներից (օգտագործում են ներերակային թմրանյութեր), սակայն չի բացառվում, որ այդ թիվը հասնի 5 հազարի: Ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 104 հազար մարդ իրենց կյանքի ընթացքում թեկուզ մեկ անգամ թմրանյութ են օգտագործել»,- նկատել է Մալենցյանը:

Հայաստանում ամֆետամինի եւ մետամֆետամինի հայտնվելու միտում կա, թեպետ, ըստ փորձագետի այդ թմրանյութերի համար Հայաստանը տարանցիկ երկիր է: Հիմնականում Իրանից Հայաստան է բերվում «սեւ» թմրամիջոց, իսկ տեղական «արտադրողները» կանաբիս են մշակում: Մալենցյանը նշել է, որ Հայաստանում 1 գրամ էքստազին կարելի է գնել 5-ից 10 դոլարով, մետամֆետամինը` 40-ից 100, իսկ կանաբիսը` մինչեւ 3000 դրամով: