Կազանի հանդիպման, եւ ընդհանրապես Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը պայմանավորված է լինելու երկու իրողությամբ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 24-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Առաջինը, դա շրջանակային համաձայնագրի բուն տեքստն է, կամ այն փաստաթուղթը, որը կընդունվի Կազանում: Եւ երկրորդ` կպարունակի շրջանակային այդ համաձայնագիրը: Կոնգրեսում դիվանագիտական գործիչներ կան, որոնք կատարելապես տիրապետում են դիվանագիտական տեխնիկային եւ հասկանում են, որ ամեն բառ, արտահայտություն ու ստարկետ կարող է որոշիչ նշանակություն ունենալ փաստաթղթի գնահատման համար: Երկրորդ, եւ ավելի կարեւոր գործոնը, որը պայմանավորելու է մեր դիրքորոշումը, լինելու է ԼՂ ժողովրդի եւ իշխանությունների ռեակցիան»,-հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով` Կոնգրեսը եղել եւ շարունակելու է լինել ԼՂ ժողովրդի, ԼՂՀ ինքնորոշման ջերմագույն աջակիցը: «Մեզ համար որեւէ բան կարող է ընդունելի դառնալ այն բանից հետո, երբ դա ընդունելի է դառնալու ԼՂ իշխանությունների եւ ժողովրդի համար»,-հայտարարեց Կոնգրեսի համակարգողը` հավելելով, որ կաջակցեն ԼՂ կարգավորման այն տարբերակին, որին կհամաձայնի Ղարաբաղի ժողովուրդը: 

Հարցին, թե արդյոք Կազանի հանդիպումը կլինի՞ հանգրվանային, ինչպես հայտարարում են տարբեր փորձագետներ ու գործիչներ, Զուրաբյանը պատասխանեց, թե կա դիվանագիտական աննախադեպ ֆոն, որ վկայում է այն մասին, որ եւ միջնորդների, եւ կողմերի մտադրությունները շատ ավելի լուրջ են, քան միչեւ հիմա եղել են: «Եթե արդյո՞ք դրանից կծնվի բեկում` ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող: Բայց Քի Վեսթից հետո բոլորի համար ակնհայտ է, որ առաջին անգամ է, որ այսպիսի լարված դիվանագիտական ֆոն է ձեւավորվել»,- հայտարարեց Զուրաբյանը` առաջարկելով սպասել դեպքերի զարգացմանը:

Նշենք, որ այսօր` հունիսի 24-ին, տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ բանակցային գործընթացի շուրջ: Հանդիպմանը կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: