Երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը կհնչի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30-ի հանրահավաքում: Այս մասին այսօր` հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո Կոնգրեսում եղել են տարբեր մակարդակներով բազմաթիվ քննարկումներ: Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի անունից «լրջության վեց կոչ» ուղղեց իշխանությանը։ Մասնավորապես` դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան: Զուրաբյանի խոսքով` Կոնգրեսի ներկայացուցիչները հեռուստաեթերում ներկայացված լինելու խնդիր ունեն։ ՀԱԿ-ի երկրորդ կոչը վերաբերում էր հանրահավաքների օրը իրականացվող տրանսպորտային բլոկադան վերացնելուն: Եթե չլուծվի այդ արգելքը, ապա Կոնգրեսը պատրաստվում է հարցը լուծել դատական կարգով` հայց ներկայացնելով տրանսպորտային երթեւեկությունը կազմակերպող համապատասխան գործակալության դեմ: Կոնգրեսի երրորդ կոչն ուղղված էր ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, որոնք Կոնգրեսի վարկաբեկելու նպատակով կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբր Կոնգրեսի եւ իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը խաղ է: «Տարածվում են անգամ այնպիսի ախմախ լուրեր, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է դառնալ ԱԺ նախագահ, կամ Կոնգրեսին քսան տեղ են խոստացել Ազգային ժողովում: Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ այդ կեղծ տեղեկությունների տարածումն արվում է ոստիկանության եւ ԱԱԾ մարմինների կողմից»,- վստահեցրեց Զուրաբյանը:
Կոգրեսի համակարգողը իշխանություններին կոչ արեց նաեւ կիսաքայլերից իրապես անցնել երկխոսության եւ այն իրականացնելու համար ձեւավորել լիարժեք ձեւաչափ: «Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է Հայաստանի համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն: ՀԱԿ-ը երկխոսության գործընթացից ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք թույլ կտան օր առաջ ձեւավորել լեգիտիմ իշխանություններ»,- հայտարարեց Զուրաբյանը: Նրա խոսքով` եթե երկխոսության գործընթացն ու ձեւաչափի ճշտումը ձգձգվեց, ապա չի բերի շոշափելի արդյունքների:
Հարցին, թե ինչո՞ւ իր խոսքում չհնչեց արտահերթ ընտրությունների պահանջը, ինչի մսին մինչ այդ պարբերաբար հայտարարվել է, Զուրաբյանը բացատրեց, թե «օր առաջ լեգիտիմ իշխանությունների ձեւավորելու» պահանջը նշանակում է արտահերթ ընտրությունների անցկացում:




























