«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել 1600 անձանց շրջանում եւ պարզել, որ Հայաստանի ընտրողների 34 տոկոսը նախընտրում է քվեարկել առանձին կուսակցությունների, այլ ոչ դաշինքների օգտին: Այդ մասին ասուլիսում հայտարարել է կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Հարցվածներից միայն 14 տոկոսն է արտահայտվել քաղաքական դաշինքների ստեղծման օգտին: Ընդ որում, եռակողմ դաշինքները ավելի քիչ վստահություն են ներշնչում, քան երկկողմ ձեւաչափերը: Ադիբեկյանը հայտարարել է, թե բնակչությանն առավելագույն վստահությունը ներշնչում է կառավարող կոալիցիան` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կազմով, թեեւ ԲՀԿ-ն առանձին հանդես գալով կարող է հավակնել ընդդիմադիր էլեկտորատի ձայների որոշ մասին: Իսկ ՕԵԿ-ի մասին նույնը չի կարելի ասել, այդ կուսակցությունը հաջորդ ԱԺ-ում կհայտնվի միայն կուսակցական որեւէ դաշինքի կազմում:

Ընդդիմադիր դաշտում, ըստ Ադիբեկյանի, նախընտրելի կլիներ ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն»  միավորումը, սակայն «հասկանալի է, որ ՀՅԴ-ն դաշինքի մեջ չի մտնի ՀԱԿ-ի հետ, հակառակ դեպքում դա լուրջ հակակշռի կլիներ իշխանական դաշինքին»: