Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը մեծ առաջընթաց չի ակնկալում Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Նրա խոսքով, կազանյան հանդիպման արդյունքում առաջընթացի բացարձակ բացակայությունը «շատ անցանկալի կլիներ», քանի որ գագաթաժողովի նման ելքը «լուրջ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա»: «Հատկապես կդառնա քաղաքական կամքի բացակայության բացասական ազդանշան»,- ասել է նա 1news.az-ին տված հարցազրույցում:

«Քննարկումների երկար տարիներից հետո ժամանակն է խիզախորեն անցնել հաջորդ քայլին: Եթե դա տեղի չի ունենում, եւ անգամ ակնարկ չկա, որ կլինի ապագայում, միգուցե վերադառնան հետ` մեկնակետին, քանի որ տվյալ սկզբունքները չեն կարող հավերժ քննարկվել»,- ասել է նա:

Քաղաքագետը նկատել է, որ որքան երկար ժամանակ անցնի, այնքան բարդ կլինի լուծում գտնել, քանի որ «անդունդը կողմերի միջեւ խորանում է, դառնում անհաղթահարելի` հնարավոր դարձնելով պատերազմի սկիզբը, իսկ դա աղետալի կլինի տարածաշրջանի համար»: