Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնավորաբար հայաստանցիների համար եղել են ծանր, դժվար եւ տագնապալի տարիներ: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովում հայտարարել է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով, թե նույնը վերաբերում է նաեւ կուսակցությանը:

«Ներքաղաքական կյանքում շարունակվեց նախագահական ընտրություններով սկիզբ առած առճակատման մթնոլորտը` արտաքին միջամտությունների դուռ բացելով: 2008-ի հունիսին, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, սկիզբ առան հայ-թուրքական   հարաբերությունները, ինչն ալեկոծեց մեր ազգային կյանքը: 2008-ի օգոստոսին բռնկվեց Ռուսաստան-Վրաստան պատերազմը, ինչն զգալի դարձրեց Հայաստանի  անվտանգության խոցելիության աստիճանը, մեծացավ պատերազմի սպառնալիքը:

Սկիզբ առավ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն իր կարեւոր անդրադարձն ունեցավ մեր երկրում: Դրան գումարվեց կառավարության ձախող տնտեսական քաղաքականությունն ու ղեկավարումը: Արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մեջ է երկիրը:

Վերջնականորեն ապացուցվեց` գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սանձարձակություններին վերջ դնելու ոչ անհրաժեշտ կամքն ունեն, եւ ոչ էլ ի վիճակի են այդ անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն»,- նշել է նա:

Մարգարյանը նաեւ նշել է, թե այսօր Հայաստանում մի գետ է հոսում, որի մի կողմում իշխանություններն են, որ պաշտպանում են ուժեղ եւ հարուստ տարրերին, իսկ մյուս կողմում ՀՅԴ-ն,  որը հանդես է գալիս սոցիալական արդարության օգտին: