Հայաստանի ԱԳՆ-ում հունիսի 24-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:
Աշխատանքային խմբի նպատակն է ամփոփել ներկա փուլում միջազգային մոնիտորինգային տարբեր մարմինների, մասնավորապես, ՄԱԿ-ի նորաստեղծ ընթացակարգի` Համընդհանուր պարբերական դիտարկման համաձայն ստանձնած պարտավորությունների իրականացումը:
Խմբի կազմում ընդգրկված են շահագրգիռ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների, այդ թվում` արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, դատական դեպարտամենտի, միգրացիոն պետական ծառայության, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նիստերին հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են նաեւ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























