Հունիսին կատարված Ինգուշիայի նախագահ՝ Յունուս-Բեկ Եվկուրովի մահափորձը, որի արդյունքում երկու մարդ է զոհվել՝ ոստիկանության ծառայողը եւ նախագահի եղբայրը, բացահայտված է։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին, Ազգային հակաահաբեկչական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով՝ մահափորձի կազմակերպիչները եղել են Ինգուշիայի ջամաաթի ղեկավարներ՝ Ձորտովը եւ Ալիեւը, որոնք չեզոքացվել են օպերատիվ- մարտական գործողությունների ժամանակ։ Ինչպես հայտնել է Բորտնիկովը՝ տվյալ քրեական գործի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նիստի շրջանակներում նա հայտնել է նաեւ կանխված ահաբեկչության վերաբերյալ, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում՝ քաղաքի օրը նշելու ընթացքում։
Հետաքննության տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ահաբեկչությունը պետք է իրականացներ որպես մահապարտ-ահաբեկիչներ նախապատրաստված հինգ զինյալներից մեկը ։ Սակայն, այս տարվա սեպտեմբերին խմբի գործունեությունը ընդհատվել է։




























