Գերմանիայի կարգավորող մարմինները հետաքննություն են սկսել շուկայում Google-ի դիրքի եւ այն մասին, թե ինչպես է որոնողական համակարգը մշակում օգտատերերի տվյալները, հայտնում է AP-ն:

Դաշնային Կարտելային մարմինը (Bundeskartellamt) հայտարարել է Գերմանիայում, Իռլանդիայում եւ Կալիֆորնիայում Google ընկերությունների դեմ դատական ​​քննության մեկնարկի մասին՝ հիմնվելով մրցակցության մասին գերմանական օրենքի նոր դրույթների վրա, որոնք տարածվում են թվային խոշոր ընկերությունների վրա:

Վերջին ամիսներին նման հետաքննություններ են սկսվել նաեւ Facebook-ի եւ Amazon-ի դեմ:

Google-ը հերքում է, որ իր գործողությունները խախտում են մրցակցության գերմանական կանոնները:

Դրույթների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել հունվարից, Դաշնային Կարտելային մարմինը կարող է արգելել «շուկայում մրցակցության համար առաջնային նշանակություն ունեցող» ընկերություններին զբաղվել հակամրցակցային համարվող գործունեությամբ: «Google-ի կողմից առաջարկվող թվային ծառայությունների մեծ թվի պատճառով, ինչպիսիք են Google-ը, YouTube-ը, Google Maps-ը, Android օպերացիոն համակարգը կամ Chrome բրաուզերը, տարբեր շուկաներում մրցակցության համար ընկերությունը առաջնային նշանակության կարող է համարվել», - նշվել է կարգավորող մարմնի ղեկավար Անդրեաս Մունդտի հայտարարության մեջ:  

 Երկրորդ հետաքննությունը ուսումնասիրելու է Google-ի տվյալների մշակման տերմինները, որոնք հաճախ երկար են եւ օգտատերերի համար դժվար ընկալելի: