Տխրահռչակ մաֆիոզ Սեդաթ Փեքերը վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով, որոնցում նա մեղադրանքներ է առաջադրույմ հայտնի թուրք պետական ​​գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի եւ թմրանյութերի վաճառքի մեջ, գրում է The Guardian-ը:

Սկանդալային հայտարարությունները վերաբերում են անցյալին եւ ոչնչով հիմնավորված չեն: Բայց Փեքերի մի քանի ժամանոց մենախոսությունները, որոնցում նա իրեն որպես մերկացում կատարող անձ է ներկայացնում, կործանարար են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:

Փեքերն այդ պահի դրությամբ խոստացված 12-ից թողարկել է 7 տեսանյութ: Տեսանյութերը տ արբեր առցանց հարթակներում ավելի քան 30 միլիոն դիտում են հավաքել: Տեսանյութերի շարքը, որը կրում է «Սեդաթ Փեքերը` ԱԶԿ-ի դեմ» (իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցություն) վերնագիրը, կարճ ժամանակ անց աշխարհի ամենադիտվող հեռուստաշոուն է դարձել Internet Movie Database տվյալների բազայում, մինչեւ անցած երկուշաբթի տեսագրությունների հեռացվելը:

49-ամյա Փեքերը մեծ հեղինակություն էր ձեռք բերել 1990-ականներին, երբ պարզվեց, որ գաղտնի ծառայությունները համագործակցում են գանգստերների հետ քաղաքական սպանությունների կազմակերպման գործում: Նա բանտում է անցկացրել մի քանի ժամկետ:

2014-ին ազատվելուց հետո մաֆիոզը, կարծես, արժանացավ ԱԶԿ-ի բարյացակամությանը, սակայն 2020-ին փախավ երկրից, երբ Ներքին գործերի նախարարությունը նոր հետաքննություն սկսեց: Նա ասում է, որ այժմ Դուբայում է: Իշխանություններն ապրիլին ռեյդ էր իրականացրել Ստամբուլում գտնվող իր տան վրա:

Հյուրանոցի սենյակում սեղանի մոտ նստած, պարանոցին ոսկե մեդալիոն, իսկ դիմացը՝ կոկիկորեն ծալված գրքեր եւ գրառումներ` Փեքերը թեմայից թեմայի էր անցնում,  մարդուց մարդ` պաշտոնյաների անունից կատարված հանցագործությունների դրամատիկ պատմություններ առաջարկելով եւ իրավական տերմինաբանություն օգտագործելով, որը ենթադրում է, որ նրա հայտարարությունները մշակված են եղել դատական ​​գործեր կառուցելու համար:

Հանրության առջեւ բացելով ԱԶԿ-ի 20 տարվա կեղտոտ սպիտակեղենը` Փեքերը նաեւ կոչ է արել երկրի երիտասարդությանը մարտահրավեր նետել քաղաքական ստատուս քվոյին: «Առջեւում անհանգիստ օրեր են: Դրանք կստիպեն մեզ պայքարել... Մենք պետք է միավորվենք»:

Աստիճանաբար մաֆիոզը պատկեր է ներկայացրել կազմակերպված հանցավորության ցանցերի եւ քաղաքականություն մշակողների միջեւ ծավալուն համագործակցության մասին: Նրա հիմնական թիրախը ներքին գործերի հզոր նախարար Սուլեյման Սոյլուն է, ում, ըստ Փեքերի, ինքը պաշտպանել է ԱԶԿ-ի հակառակորդ խմբավորումներից: Նա նաեւ նախկին վարչապետի որդուն մեղադրել է Վենեսուելայից կոկաինի մաքսանենգության մեջ:
Փեքերի խոսքով` մի նախկին ՆԳ նախարարը, ով հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին հանցագործների հետ կապի համար, անմիջական մասնակցություն է ունեցել 1993-ին լրագրողի չբացահայտված սպանության մեջ, իսկ նրա որդին՝ նույնպես քաղաքական գործիչ, բռնաբարել եւ սպանել է մի լրագրող կնոջ 2019 տարի: Նախկին ՆԳ նախարարը Twitter-ում հայտնել է, որ Փեքերի մեղադրանքները «զրպարտություն» են:

Փեքերը նաեւ ասել է, որ նախկին փոխգնդապետը եւ թուրքական հետախուզության (MIT) ավագ սպան 1996 թվականին պատվիրել է կիպրացի թուրք լրագրողի սպանությունը:

Փեքերը նույնիսկ հայտարարել է հանցագործություններին իր մասնակցության մասին՝ հաղորդելով, որ իր մարդիկ 2015-ին հարձակվել են թերթի գրասենյակների վրա եւ սպառնացել են գիտնականներին, որոնք կոչ էին անում խաղաղություն հաստատել  ԱԶԿ պաշտոնյաների հրամանով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) հետ Թուրքիայի ձգձգված հակամարտության մեջ, օգնել են իշխող կուսակցության թշնամիներին պատկանող ակտիվներ եւ ունեցվածք խլել:

Շատերն ակնկալում են, որ մնացած դրվագները վերաբերելու են Սիրիայի հետ սահմանից այն կողմ զենքի տեղափոխմանը եւ մի քանի տարի առաջ «Իսլամական պետությունից» նավթ գնելու մասին խոսակցություններին:

Չնայած Փեքերը չի անդրադարձել «եղբայր Թայիփին», ինչպես նա կոչում է նախագահին, Էրդողանի մերձավոր շրջապատի բացահայտումները հստակ ցույց են տալիս, որ դա է վերջնական նպատակը: Տեսանյութերը միայն անուղղակի նախատինք են առաջացրել հենց Էրդողանի կողմից, ով անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իր կուսակցությունը վստահություն է վաստակել եւ խաղաղություն է բերել Թուրքիային՝ 19 տարի առաջ իշխանությունը ստանձնելիս իր վրա վերցնելով հանցավոր խմբավորումների դեմ պայքարը:

Սակայն մաֆիոզների մեղադրանքներն այդպիսի ազդեցություն ունեցան հենց այն պատճառով, որ դրանք ամրապնդեցին թուրքերի կասկածներն առ այն, որ քաղաքական էլիտայի եւ կազմակերպված հանցավորության միջեւ հարաբերությունները ոչ միայն պահպանվում են, այլեւ ծաղկում են վերջին տարիներին: Թուրքիայի քաղաքական դաշինքները վերափոխվել են 2016-ի հեղաշրջման փորձից հետո. ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի հետ Էրդողանը կոալիցիայի մեջտ է, լավ փաստագրված կապեր ունի քրեական գործիչների հետ:

ԱԶԿ-ի հակառակորդները արյան հոտ են զգում, եւ ավելի ու ավելի հաճախ են հետաքննության եւ աշխատանքից հեռացումների կոչեր հնչեցվում:

Բոլորը հերքել են Փեքերի մեղադրանքները, եւ Սոյլուն զրպարտության հոդվածով գործ է հարուցել նրա դեմ: Սակայն երեք ժամ տեւած հարցազրույցում, որը երկուշաբթի երեկոյան հեռարձակվել էր HaberTürk իշխանամետ հեռուստաալիքով, Սոյլուն ստիպված էր պաշտպանվել մաֆիոզի հայտարարություններից:

«Այսօրվա պատկերը [90-ականներից] էլ ավելի վատ է: Այն ժամանակ գոնե գործող կառույց կար: Մենք մեր պարտքն էինք կատարում: Մենք աջակցություն ստացանք,- Cumhuriyet թերթին հայտարարել է Թուրքիայի հետախուզական գործակալության հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին ղեկավար Մեհմեթ Էյմուրը:- 90-ականներին նման ստվերային գործունեություն չկար: Այն այս մակարդակում չէր... Սրա վերջը քաղաքական սպանություններն են լինելու»:

Փեքերի հաջորդ տեսահոլովակը լույս կտեսնի կիրակի: