Երեւանի քաղաքապետարանն արգելել է Հայ հեղափոխական դաշնակցության՝ հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կայանալիք հանրահավաքը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` ս/թ. հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կ/թ.-ին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակում) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին:

Ըստ իրազեկման` միջոցառումը մեկնարկելու է ժամը 18:00-ին եւ ավարտվելու է ժամը 20:00-ին: Իրազեկումը քննարկվել է հոկտեմբերի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանի մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում Երեւանի քաղաքապետարանն արգելել է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, որ նույն օրը, նույն ժամին այդ տարածքում անցկացվելու է մեկ այլ զանգվածային միջոցառում: