Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը շարունակվում է աճել, եւ վաղ թե ուշ Բաքուն պետք է զիջի: Այդ մասին մայիսի 26-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ռազմագերիների եւ որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձնելու մասին Եվրախորհրդարանի բանաձեւն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ կարող է պարզվել, որ գերիների հարցը երկրորդ պլան է մղվել Հայաստանի սահմանին իրավիճակի սրացումից հետո:
«Սակայն հայկական կողմը շարունակում է բարձրացնել այն բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ: Ադրբեջանի վրա ճնշումն աճում է, եւ միջազգային հանրությունը կոնսենսուս ունի այդ հարցի շուրջ: Ադրբեջանը ստիպված է ընդունել այդ հարցերի առկայությունը՝ հումանիտար հարցերից մինչեւ Հայաստանի սուվերեն տարածքի վրա ոտնձգությունները: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի բախվել ավելի լուրջ հետեւանքների հետ»,-հայտարարել է Այվազյանը:
Նա նաեւ նշել է, որ այդ հարցի շուրջ սկզբունքային դիրքորոշում են արտահայտել տարածաշրջանի երկրները նույնպես: Նախարարը հիշեցրել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստանի նախատեսված չի եղել:
«Այդ այցը վկայում է տարածաշրջանային անվտանգության խնդիրներով Թեհրանի մտահոգության մասին: Մենք ունեցել ենք բովանդակալից զրույց Զարիֆի հետ, որը հանդիպել է նաեւ վարչապետի պաշտոնակատարի ու նախագահի հետ: Մենք նկատել ենք դիրքորոշումների նմանություն, իսկ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր սահմանագիծ է»,-ասել է Այվազյանը:





























