Մարդիկ ողջ աշխարհում տարվա ամենատպավորիչ լիալուսնի ականատեսն են եղել: Մայիսի 26-ը նշանավորվել է ոչ միայն գերլուսնով, այլ նաեւ լուսնի խավարմամբ, կամ, այսպես կոչված, «արյունոտ լուսնով»:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «արյունոտ լուսին» լինում է լուսնի ամբողջական խավարման ժամանակ, երբ Երկիրը գտնվում է Լուսնի եւ Արեւի միջեւ: Երկրի մթնոլորտը զտում է արեւի լույսը՝ ցրելով կապույտը եւ անցկացնելով կարմիր լույսը:

Գերլուսին լինում է այն ​​ժամանակ, երբ գիշերային երկնքում Լուսինը սովորականից ավելի մեծ է թվում, քանի որ գտնվում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետում:

Մայիսյան լիալուսինը հայտնի է նաեւ որպես «Ծաղկային լուսին»՝ գարնանը Հյուսիսային կիսագնդում ծաղիկների առատության հետ կապված:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած աստղալուսանկարիչները ֆիքսել են այս իրադարձության տպավորիչ կադրեր. այն լավ տեսանելի է եղել Ասիայում եւ Ավստրալիայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հարավային Ամերիկայի մեծ մասում: