Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ ՆԱՏՕ-ի շրջանակում իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումը կնշանավորի Վաշինգտոնի հետ հարաբերություններում «նոր դարաշրջանի սկիզբը»:

Բարձր գնահատելով ԱՄՆ-Թուրքիա միությունը տարաձայնությունները հաղթահարելու համար՝ Էրդողանն ընդգծել է Անկարայի հոգածությունը Վաշինգտոնի հետ վաղեմի, արմատացած եւ բազմաչափ միության նկատմամբ, հաղորդում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը: «1915 թվականի իրադարձությունների մասին (Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու – խմբ.) Բայդենի հայտարարությունը հավելյալ բեռ է մեր կապերի համար, սակայն ես համարում եմ, որ հանդիպումը, որը մենք կանցկացնենք հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, կդառնա նոր դարաշրջանի սկիզբ»,-հավելել է նա:

Ապրիլին Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը պետք է հանդիպում անցկացնեն հունիսին Բրուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Նախագահների առաջին հանդիպումը կկայանա մի շարք խնդիրների ֆոնին, որոնք սրում են ՆԱՏՕ-ի շրջանակում երկու դաշնակիցների միջեւ հարաբերությունները՝ ներառյալ Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումն ու Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին աջակցությունը:

«Չնայած ժամանակ առ ժամանակ ծագում են տարաձայնություններ՝ մեր գործընկերությունն ու միությունը կարողանում է հաղթահարել բոլոր տիպի դժվարությունները»,-հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ Թուրքիան ունի «լուրջ» ներուժ Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար «Սիրիայից մինչեւ Լիբիա, ահաբեկչության դեմ պայքարից մինչեւ էներգետիկա, առեւտրից մինչեւ ներդրումներ»:

Էրդողանն ընդգծել է, որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպես Միացյալ Նահանգներում Գյուլենի շարժումն ու քուրդ խմբերին ԱՄՆ-ի աջակցությունը, ունի կարեւոր նշանակություն Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների զարգացման համար:

Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Գյուլենի շարժումը 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Անկարան ձգտում է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթուլա Գյուլենին: