Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային որոշակի անհամաձայնությունների պատճառով, ազատման դիմում է գրել։ Այս մասին Ֆեյսբուքի իր հայտնել է Մեսրոպյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ու իմ շատ սիրելի կոտայքցիներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել` աշխատանքային որոշակի անհամաձայնությունների պատճառով:
Իմ սիրելի ու հարազատ մարզում աշխատածս այս 6 ամիսներին առաջնային սկզբունքս մեկն է եղել՝ հատկապես այս բարդ ժամանակահատվածում գործել բացառապես հօգուտ եւ ի շահ երկրի, մարզի ու ժողովրդի:
Պաշտոնավարմանս այս կարճ, բայց արդյունավետ ամիսներին պետք է վստահորեն ասեմ՝ վայելեցի իմ աշխատակազմի հարգանքը, կառուցողական աշխատեցի համայնքի բոլոր ղեկավարների հետ, միասին լեցուն ու գերծանրաբեռնված օրակարգով մարզում մի շարք կարեւոր ծրագրերի մեկնարկ տվեցինք, որի պտուղները բնակչության համար հետո է հասու լինելու:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մարզպետարանի բոլոր աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին արդյունավետ համագործակցության համար:
Այս կարեւոր ժամանակներում մեր ժողովրդին մաղթում եմ իմաստություն, այս թոհուբոհում ճիշտն ու սխալը իրարից տարբերելու կարողություն:
Թող խաղաղություն լինի երկրում, մնացյալ ամեն բան անցողիկ է»։
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 15–ին NEWS.am-ը գրել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, սակայն մեր հարցին ի պատասխան, Մեսրոպ Մեսրոպյանը ասել էր, որ չի մեկնաբանում եւ ոչ աշխատանքային ժամերին չի պատասխանում հարցերի։





























