Թուրքական ժողովրդավարությունը «սահմանափակված է քվեատուփով»՝ առանց իշխանությունների տարանջատման, հինգշաբթի Kısa Dalga լրատվական կայքին ասել է Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը:
«Սակայն, երբ նրանք չեն հասնում ցանկալի արդյունքի, չեղարկում են արդյունքները, ինչպես դա եղավ արեւելյան նահանգներում եւ Ստամբուլի վերջին ընտրություններում,- ասել է գրողը:- Չկա կարծիքի ազատություն, չկա իշխանությունների տարանջատում, դատարաններն անկախ չեն»:
«Երբ չես կարող քննադատել, եթե չես կարող խոսել թերությունների մասին, մնացած ամեն ինչ պարզապես չափազանցություն է,- ասել է Փամուկը:- Նրանք ամեն երեկո շարունակում են բանավեճերը հեռուստատեսությամբ, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ներկայացված չեն տարբեր տեսակետներ»:
Օրհան Փամուկը Թուրքիայում խիստ քննադատության եւ հարձակումների է ենթարկվել անցյալում իր մեկնաբանությունների համար, հատկապես՝ 2005 թ.-ին՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր մեկնաբանություններից հետո: «Այստեղ 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ է սպանվե«: Եվ գրեթե ոչ ոք չի համարձակվում հիշատակել այդ մասին: Ես համարձակվում եմ»,- ասել է Փամուկը շվեյցարական ամսագրին տված հարցազրույցում: Այդ ժամանակ գրողի հասցեին ստացված սպառնալիքների ալիքը ստիպեց նրան մի քանի ամսով հեռանալ երկրից:
Նրան մեղադրանք է առաջադրվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, որին 2007 թվականին բախվել էր նաեւ հայ լրագրող Հրանտ Դինքը:





























