Մոտ 20 տարի ՆԱՏՕ-ն օգնում էր ապահովել անվտանգությունն Աֆղանստանում, բայց երկրի կառավարությունն ու զինված ուժերը բավականաչափ ուժեղ են՝ առանց միջազգային ուժերի աջակցության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին AP-ին տված հարցազրույցում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ն Աֆղանստանում անվտանգության պատասխանատվությունը ստանձնել է 2003-ին՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից թալիբների տապալումից երկու տարի անց: Երկրում այժմ մոտ 9000 օտարերկրյա զինվորական կա, որոնք պետք է հեռանան սեպտեմբերի 11-ից ոչ ուշ:
«Կարծում եմ, որ աֆղանացիները նույնպես հասկանում են, որ մենք այնտեղ ենք արդեն 20 տարի եւ հսկայական գումարներ ենք ներդրել Աֆղանստանում»,- ասել է Յենս Ստոլտենբերգը: «Աֆղանստանը երկար ճանապարհ է անցել՝ ինչպես ուժեղ եւ ունակ անվտանգության ուժերի կառուցման, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական առաջընթացի տեսանկյունից: Որոշակի փուլում աֆղանացիները պետք է լիարժեք պատասխանատվությունը ստանձնեն իրենց երկրում խաղաղության եւ կայունության համար»,- ասել է նա:
Սակայն մինչ ՆԱՏՕ-ի ուժերը հեռանում են երկրից, երկրի մեծ մասը վիճելի տարածք է մնում: Քաբուլում կառավարությունը իշխանություն ունի քաղաքներում, սակայն «Թալիբան»-ը գերիշխում է գյուղական հատվածներում:
Ստոլտենբերգը նշել է, որ դաշնակիցները կշարունակեն աջակցել Աֆղանստանին քաղաքացիական փորձագետների միջոցով, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն նախարարություններին, կֆինանսավորեն անվտանգության ուժերին եւ կաջակցեն Քաբուլի եւ Թալիբանի միջեւ դանդաղ ընթացող խաղաղ բանակցություններին:
ՆԱՏՕ-ն նաեւ «ուսումնասիրում է Աֆղանստանի անվտանգության ուժերի համար երկրի սահմաններից դուրս որոշակի նախապատրաստման հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել», ասել է նա:
Աֆղանստանից առանց անվտանգության երաշխիքների դուրս գալու հետեւանքների մասին հարցին, որոք օգնում էին զսպել թալիբներին՝ Ստոլտենբերգը խոստովանել է, որ «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը դադարեցնելու որոշման հետ կապված ռիսկեր կան: Մենք այս հարցում շատ թափանցիկ ու հստակ էինք»: «Միեւնույն ժամանակ, մնալու համար պետք է նաեւ որոշակի ռիսկերի դիմել. նոր ռազմական գործողությունների ռիսկ, զորքերի քանակի հարկադիր ավելացման ռիսկ »:.





























