Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը փաստաբանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քրդական կուսակցության կողմից աջակցված պատգամավորների ընդունած բոյոկոտի որոշումը ճիշտ է։
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդի փաստաբանները Իմրալը կղզում 1 ժամանոց հանդիպում են ունեցել նրա հետ։
Այնուհետ փաստաբանները կղզուց հետ վերադառնալուց հետո, լրագրողներից մեկի հարցին պատասխանել են, թե Օջալանը ճիշտ է համարում, որ Հաթիփ Դիջելյին պատգամավոր չգրանցելուց հետո քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից աջակցված պատգամավորները հայտարարել են, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները։
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Թուրան Քարաքայան 7 ժամ տեւած քննարկումներից հետո հայտնել էր, թե Հաթիփ Դիջլեին պատգամավոր չեն գրանցել, քանի որ նա նախկինում 1 տարի 8 ամիս դատվածություն է ունեցել:
Քուրդ քաղաքական գործիչների «Ժողովրդավարական հասարակության միություն»-ը (DTK) խիստ է արձագանքել Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի որոշմանը եւ պնդել, թե այդ որոշման մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել իշխանությունը։
DTK-ն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որի ավարտից հետո հայտարարություն է տարածել՝ սպառնալով, որ այս որոշման հետեւանքով սկսվելիք քաոսի պատասխանատուն է լինելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։
Հայտարարության մեջ իշխող կուսակցությանն ու գլխավոր ընդդիմությանը կոչ է արվել որոշումը հետ կանչելու համար շտապ քայլեր ձեռնարկել, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ժողով հրավիրել եւ իր լուր աշխարհի հայտարարել, որ հրաժարվում են առանց Հաթիփ Դիջլեյի մտնել խորհրդարան։




























