Google-ը շարունակել է հավաքագրել օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները, անգամ երբ նրանք անջատել են գտնվելու վայրին ընդհանուր հասանելիություն ունեցող տարբեր կարգավորումները, ինչպես նաեւ բարդացրել է գաղտնիության կարգավորումների որոնումն ու անգամ ստիպել LG-ին եւ հեռախոսների այլ արտադրողներին թաքցնել դրանք, գրում է Business Insider-ը։
Google-ի դեմ հայցի նոր չխմբագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերության ղեկավարներն ու ինժեներները գիտեին, որ ընկերությունը դժվարացրել է օգտատերերի սմարթֆոնների համար գաղտնիության կարգավորումները, որպեսզի հավաքագրի տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին։
Այդ փաստաթսթերը դատական հայցի մասն են, որը Google-ի դեմ ներկայացրել է Արիզոնայի դատախազությունն անցած տարի։ Ընկերությունը մեղադրվել է սմարթֆոնների իր օգտատերերի գտնվելու վայրի մասին տեղեկություններն անօրինաբար հավաքագրելու մեջ անգամ այն ժամանակ, երբ նրանք անջատել են գեոլոկացիան։
Փաստաթղթերի համաձայն՝ կորպորացիան օգտագործում է տարբեր ծառայությունների կողմից գեոլոկացիան պարզելու հնարավորությունը, այդ թվում՝ Wi-Fi-ն ու անգամ Google-ի հետ կապ չունեցող կողմնակի հավելվածները։





























