Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընդունել Թուրքիայի նախագահի հրավերը եւ այցելել Բուրսա, ճիշտ է եւ լիովին բխում է Երեւանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունից,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով, Հայաստանն ինքն է նախաձեռնել Թուրքիայի հետ երկխոսությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության քաղաքականության հաստատումը, եւ այդ համատեքստում Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա լիովին արդարացված է։ Նա նշել է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունները չարժե կապել այդ այցի հետ։ Խոսելով այն մասին, թե Հայաստան-Թուրքիա խաղին Սարգսյանի ներկայությունը որքանո՞վ կօգնի հայ ֆուտբոլիստներին, Զոհրաբյանը նշել է. «Իհարկե, որպես հայուհի, ուզում եմ, որ մեր հավաքականը հաղթի, բայց, ճիշտն ասած, հայ ֆուտբոլիստների մարզական պատրաստվածության առումով հավաքականից հատուկ սպասումներ չունեմ»։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կկայանա Հայաստան-Թուրքիա խաղը, որին, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա երկու երկրների երիտասարդական հավաքականների հանդիպումը։