Ռուսաստանը մոտ քսան նոր ռազմական կազմավորում եւ ստորաբաժանում կստեղծի Արեւմտյան ռազմական օկրուգում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա՝ դա կլինի Ռուսաստանի պատասխանն ՆԱՏՕ-ի երկրների գործունեությանն ԱՄՆ-ի գլխավորությամբ, որոնք ավելացնում են թռիչքների ինտենսիվությունն ու ռազմանավերի առկայությունը Ռուսաստանի սահմաններին:
Նա նշել է, որ իրավիճակն արեւմտյան ռազմավարական ուղղությամբ բնութագրվում է ռազմական սպառնալիքների աճով: Վերջին յոթ տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի թռիչքների ինտենսիվությունն աճել է 14 անգամ: ՆԱՏՕ-ի նավերը կառավարվող հրթիռային զենքով սիստեմատիկորեն մտնում են Բալթիկ ծով:
«Միայն անցյալ տարի այս կարգի նավերը երեք անգամ առաքելություն են կատարել Կալինինգրադի մարզի մոտակայքում: 2016 թվականից օբյեկտիվ կառավարման համակարգը ռազմանավերի 18 այդպիսի ելք է գրանցել դեպի ենթադրյալ թեւավոր հրթիռների արձակման վայրեր»,- ասել է Շոյգուն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն շարունակում են ընդլայնել օպերատիվ եւ մարտական պատրաստվածության շրջանակները Ռուսաստանի սահմանների մոտակայքում:
«Անցած տարիների ընթացքում վարժանքների քանակը մեկուկես անգամ ավելացել է: Այժմ անցկացվում է Defender Europe-2021-ը` ամենամեծ զորավարժությունները վերջին 30 տարվա ընթացքում, որոնց մասնակցում է մինչեւ 40 հազար զինվորական: Նրանց հիմնական նպատակն է մշակել Միացյալ Նահանգներից Եվրոպա լիարժեք դիվիզիայի տեղափոխումը»,- ասել է նախարարը:
Շոյգուն հայտնել է, որ նոր ստորաբաժանումները կհամալրվեն ժամանակակից զենքով եւ տեխնիկայով: Այս տարի Արևմտյան ռազմական օկրուգի զորքերը նախատեսում են նրանց զինել 2000 միավոր զենքով: Շարունակվելու է նաեւ անձնակազմի եւ ռազմական հրամանատարության եւ վերահսկողության մարմինների հմտությունների կատարելագործումը:
«Բալթյան նավատորմի նավերի կողմից մարտական պատրաստության առաջադրանքների մշակման ինտենսիվությունն աճել է 30 տոկոսով: Ավարտվել է տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ ավելի քան երկու հարյուր վարժանք: Օկրուգի օդուժի հարձակումն աճել է 4 տոկոսով»,- ասել է Շոյգուն:




























