Շվեդիայի պաշտպանության նախարարը Դանիայից բացատրություն է պահանջել այն մասին, թե ինչու են երկրի հետախուզական ծառայությունները ավելի քան յոթ տարի առաջ օգնել ԱՄՆ-ին լրտեսել եվրոպական առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է AP-ն:
«Խաղաթղթերը սեղանին դրեք»,- ասել է պաշտպանության նախարար Պիտեր Հալքվիստը` հավելելով, որ «դաշնակիցներին գաղտնալսելն անընդունելի է»:
Ավելի վաղ դանիացի պատգամավոր Կարստեն Հենգեն հայտարարել էր պաշտպանության եւ արդարադատության նախարարներին այս գործով հարցումներ ուղարկելու մտադրության մասին: «Կառավարությունը պետք է բացատրի, թե ինչու է Դանիան որպես կամավոր գործիք հանդես գալիս ամերիկյան հետախուզության համար, եւ ինչ է դա նշանակում Դանիայի հարեւան երկրների հետ համագործակցության համար»,- ասել է նա:
Դանիական DR հեռուստաընկերությունը նախօրեին հաղորդել էր, որ Դանիայի ռազմական հետախուզական ծառայությունը (FE), 2014թ. ներքին հետաքննություն է անցկացրել, թե արդյո՞ք ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն օգտագործել է դանիացիների հետ իր համագործակցությունը Դանիային եւ հարեւան երկրներին լրտեսելու համար: Հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի քաղաքական առաջնորդներին եւ պաշտոնատար անձանց:





























