Հիմա Հայաստանի համար ամենակարեւորը կառավարելիության վերականգնումն ու այս ճգնաժամի հաղթահարումն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ՌԲԿ ՏՎ»-ի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովի հետ բացառիկ հարցազրույցում:

Պատասխանելով հարցին` արդյո՞ք վերջին 3 տարվա ընթացքում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը խարխլվել է` չնայած Փաշինյանի հայտարարությունները նպատակ ունեին ներկայացնել հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպե՞ս է ամեն ինչ գործնականում, նախկին նախագահը նշեց, որ մեխ քաղաքականության մեջ խորամանկել չի կարելի, հատկապես` թվային դարաշրջանում: Նրա խոսքով` ճարպիկ լինելու պարզունակ փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: «Պետք է տեսնել, թե ինչ է անում այս իշխանությունների հիմնական խոսափողը` «Ազատություն» ռադիոկայանը: Ինչո՞վ է այն զբաղված: Տեսնել այդ ռադիոկայանի լսարանի ընդգրկումը: Հատկապես` դրա հեռուստատեսային հատվածը: Պարզապես անհնար է նայել, թե ինչով է զբաղված Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որը չի կարելի հանրային կոչել: Տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այդ զուգադիպությունը, երբ այդ իշխանություններին սատարող բոլոր լրատվամիջոցները միանշանակ, շատ ագրեսիվորեն տրամադրված հակառուսական ուղղվածություն ունեն: Կա՞ որեւէ բացատրություն այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ես այդ բացատրությունները չունեմ»,- ասել է նախկին նախագահը:

Մեկնաբանելով իր վերաբերմունքը փողոցային բողոքի ցույցերի նկատմամբ՝ նախկին նախագահը նշել է, որ պատերազմից հետո ընդդիմությունը փորձեց իշխանափոխության հասնել փողոցային բողոքի ցույցերի միջոցով: «Ես շարունակում եմ համարել, որ դա կլինի լավագույն լուծումը՝ իշխանափոխություն, մեկ տարվա ընթացքում ժամանակավոր կառավարություն եւ ընտրությունների կազմակերպում: Փողոցային բողոքները ինձ համար երբեք շատ համակրելի չեն եղել, բայց կան իրավիճակներ, երբ լուծում կարող է գտնվել միայն փողոցային բողոքների միջոցով: Ուստի ես օբյեկտիվորեն հասկանում եմ, որ երկրում շատ հրատապ խնդիրներ կային: Այո, որոշակի տեխնոլոգիաներ կիրառվել են 2018-ին, բայց կային նաեւ հրատապ խնդիրներ: Այդ ամենն իշխանափոխության հանգեցրեց: Արդյունքը մենք տեսնում ենք: Փողոցային բողոքների ողջ վտանգն այն է, որ իրավիճակի ռացիոնալ ընկալումը հսկայական զանգվածի հուզական եւ շատ հաճախ իռացիոնալ պահվածքն է: Լավ մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում եւ փոփոխություն են ցանկանում, բայց այդ ամենը որոշակի իռացիոնալություն է ստանում, քանի որ այդ վիճակում ավելի հեշտ է մանիպուլացնել մարդկանց, այդ իրավիճակում տեխնոլոգիաների օգտագործումը շատ արդյունավետ է դառնում: Ուստի ես երկակի վերաբերմունք ունեմ այս գործընթացների նկատմամբ: Դա կարող է առողջացման ալիք լինել, բայց կարող է նաեւ կործանարար ալիք դառնալ` աղետալի արդյունքներով»,- ասել է Քոչարյանը: Այժմ ամենակարեւորը Հայաստանի համար կառավարելիության վերականգնումն ու այս ճգնաժամի հաղթահարումն է: Մարդիկ ուժասպառ են եղել: Ներվային ներքին իրավիճակը, որն յուրաքանչյուր օր վնաս է հասցնում ինչպես բիզնեսին, այնպես էլ տնտեսությանը, հյուծում է մարդկանց: Ես դա կարող եմ տեսնել իմ շփման մեջ: Եվ այժմ նախընտրական գործընթացների հետ կապված շփումների շրջանակն ընդլայնվել է: Թիվ մեկ խնդիրն է փոխել այս ամենը, որոշակի հոգեկան հանգստություն մտցնել մարդկանց հոգու մեջ եւ հավատ, որ երկրում կյանքը կամաց-կամաց կբարելավվի»,- ամփոփել է նախկին նախագահը: