2020-ին արտակարգ իրավիճակների նախարարությանն ի սկզբանե նախատեսվել էր հատկացնել 15,2 միլիարդ դրամ, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ ռազմական գործողությունների հետ կապված շտկումներից հետո հատկացումները կազմեցին 14,6 միլիարդ դրամ:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուզազյանը: Այսպես, ըստ Ջանջուղազյանի, գերատեսչությունը, պետբյուջեի համաձայն, այս ֆինանսավորման շրջանակներում պատասխանատու էր 7 ծրագրերի եւ 15 միջոցառումների իրականացման համար: «Միջոցների հիմնական մասը՝ 11,2 մլրդ դրամ կամ ծախսերի շուրջ 78%-ը, ուղղվել է Փրկարար ծառայության գործունեության ֆինանսավորմանը:
Նախարարության աշխատակազմի պահպանման համար հատկացվել է 1,096 մլրդ դրամ, իսկ մնացած միջոցները հատկացվել են սեյսմիկ պաշտպանությանը, օդերեւութաբանական ծառայությանը, արձագանքման կարողությունների զարգացմանը եւ տեխնիկական պաշտպանության ծրագրին»,- ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:





























