Հայաստանում իշխող կապիտուլյանտ ուժի վարկանիշը արագորեն ընկնում է: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մեկնաբանելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարությունը 60 տոկոս ձայն հավաքելու անհրաժեշտության մասին՝ Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը կտրվել է իրականությունից, իսկ հայտարարությունը հերթական պոպուլիստական քայլն է եղել: «Մենք բացառում ենք, որ նա կարող է կառավարություն կազմել: Սա վիրավորանք է ժողովրդի եւ հասարակության հասցեին: Այն ամենից հետո, ինչ կատարվեց, նրանք ինչպե՞ս կարող են 60 տոկոս ձայն հավաքել: Այո, դեռ կան մոլորյալներ ու հավատացողներ, սակայն նրանց տոկոսը չնչին է: Մինչեւ ընտրությունները էլ ավելի քիչ կլինի: Մենք յուրաքանչյուր քաղաքացու կբացատրենք պահի կարեւորությունը, այցելություններ կկատարենք մարզեր, կզրուցենք յուրաքանչյուր բնակչի հետ: «Հայաստան» դաշինքի վարկանիշն աճում է ամեն օր ու ամեն րոպե: Դա են վկայում մեր ամենօրյա հանդիպումների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները», - ասել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանությունների վարկանիշը, ընդհակառակը, իսպառ կոչնչանա մինչեւ ընտրությունների օրը:
Մեկնաբանելով Փաշինյանի բավականին վիրավորական հայտարարությունը, թե այն անձը, որին ինքը գեներալի կոչում է շնորհել, այժմ Քոչարյանի բուկլետներն է բաժանում մարզերում (բոլորը հասկացան, որ ակնարկը վերաբերում էր Օնիկ Գասպարյանին- խմբ.), Իշխան Սաղաթելյանը հաստատել է, որ եւ դաշինքի, եւ համախոհների շարքերը համալրել են գեներալներ, բարձրաստիճան սպաներ, որոնք հասկանում են, որ «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որն ունակ է երկիրը դուրս բերել ծայրահեղ իրավիճակից: «Ինչ վերաբերում է հիստերիկ հայտարարությանը, մենք դրան սովոր ենք: Հիստերիկ նոպայի պատճառը «Հայաստան» դաշինքի ներկայացումն էր: Խոստանում ենք, որ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հիստերիկ նոպաները էլ ավելի կշատանան», - ասել է Իշխան Սաղաթելյանը:





























