Գնահատելով քաղաքական ուժերի մեկնարկային կարողությունները՝ կարելի է ասել, որ նախընտրական մրցապայքարի հիմնական ֆավորիտը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ ավանդաբար բոլոր ժամանակներում ֆավորիտ են համարվել նաեւ գործող իշխանությունները: Նա հիշեցրեց, որ բոլոր ուժերը, որոնք մտադիր են մտնել խորհրդարան, հայտարարել են, որ չեն համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա նշանակում է, որ նրա միակ դաշնակիցները ընտրակեղծիքներն են կամ ֆորս-մաժորը:
Ֆորս-մաժոր, նրա խոսքով, կարող է լինել մեր պետության թշնամիների (Թուրքիայի եւ Ադրբեջանի) օգնությունը, որոնք շահագրգռված են Փաշինյանի իշխանության վերարտադրմամբ, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին: «Այս սցենարը, սակայն, ավելի քիչ հավանական է, քանի որ այդ դեպքում իշխանությունների վիճակն ավելի կվատթարանա»,- հավելեց Թեւանյանը:
Փորձագետը նշեց, որ իշխանությունները ոչ միայն վարչական ռեսուրսներն են օգտագործում, այլեւ բյուջետային միջոցները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքները բավարարելու համար, նրանք նաեւ դիմում են հանցավոր աշխարհի ծառայություններին: «Նրանք այս ընթացքում ոչնչացրեցին պետության բոլոր համակարգերը: Փողոցներում վենդետա է իրականացվում: Ուժային մարմինները չեն գործում, իսկ դրանց քայքայումը սկսվել է դեռեւս 2018-ին՝ բանակի եւ պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց հետապնդումներով: Այնուհետեւ արձանագրվեցին ձախողումներ արտաքին քաղաքականության մեջ, ինչը հանգեցրեց պատերազմի: Երկրում տիրող համապարփակ ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Այժմ Ոստիկանությունը դարձել է, ըստ էության, Փաշինյանի անվտանգության ծառայություն: Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանը նմանվել է 1970-ականների Սիցիլիային, իսկ տարածաշրջանում՝ ժամանակակից տեսակի Մերձավոր Արեւելքի Սիրիայի:
Մենք ամեն ինչ կանենք, որ քաղաքացիները ճիշտ որոշում կայացնեն եւ թույլ չտան ընտրությունները կեղծել: Հունիսի 20-ին տեղի կունենան երկրի համար ճակատագրական ընտրություններ: Դիլեման պարզ է՝ լինել կամ չլինել»,- շեշտեց Թեւանյանը: Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, բայց չքվեարկել Փաշինյանի ու նրա արբանյակների օգտին: «Քանի որ ֆավորիտը «Հայաստան» դաշինքն է, ուստի քվեարկությունից առաջ պետք է ելնել նրանից, որ նրանք չեն փոշիացել: Եթե Փաշինյանը դեռեւս խոսում է անցյալի մասին, ապա մեր գործողություններն ուղղված են ապագային: Մենք ներքին թշնամիներ չունենք, մեր թշնամիները միայն Ադրբեջանն ու Թուրքիան են: Ամենակարեւորը իշխանափոխության հասնելն է եւ երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:





























