Լիբանանի նախագահի եւ վարչապետի պաշտոնում նշանակված Միշել Աունն ու Սաադ Հարիրին շարունակում են «խայթել» միմյանց՝ մեկը մյուսին մեղադրելով խոչընդոտների եւ անփութության մեջ, որոնք ամիսներ շարունակ խոչընդոտել են նոր կառավարության ձեւավորմանը, քանի որ երկիրն ընկղմվել է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի մեջ, հայտնել է AP-ն:
Մի կողմից՝ վարչապետ նշանակված Սաադ Հարիրիի, մյուս կողմից՝ նախագահ Միշել Աունի եւ նրա փեսայի՝ Գեբրան Բասիլի միջեւ սրվել է իշխանության համար պայքարը՝ չնայած աշխարհի առաջնորդների եւ տնտեսական փորձագետների՝ Լիբանանում տնտեսական ծանր պայմանների մասին նախազգուշացումներին: Համաշխարհային բանկը հայտարարել է, որ Լիբանանում տիրող ճգնաժամը ամենածանրն է աշխարհում վերջին 150 տարիների ընթացքում:
Իր հայտարարության մեջ Աունը մեղադրել է Հարիրիին նախագահական լիազորությունները յուրացնելու փորձի եւ «ցնորային առաջարկների եւ անպատկառ արտահայտությունների» համար: «Վարչապետի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափումը նշանակում է սահմանադրության եւ ազգային ներդաշնակություն անընդհատ խախտում», - նշվել է հայտարարության մեջ:
Հարիրին եւ նրա «Ապագայի կուսակցություն» քաղաքական խումբը պատասխանել են, որ նախագահությունը Աունի փեսայի՝ Բասիլի «անձնական ամբիցիաների պատանդն է»՝ ակնարկելով վերջինիս՝ նախագահ դառնալու ենթադրյալ նկրտումները:
Ֆրանսիայի եւ տեղական ազդեցիկ խաղացողների բարձր մակարդակի միջնորդական ջանքերը ձախողվել են:



























