Թուրքիայում ընդդիմության եւ սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանի համար, որ նա COVID-19-ի դեմ երեք պատվաստում է ստացել, մինչդեռ երկրում 50 միլիոն մարդ սպասում է առաջին պատվաստմանը, գրում է Ahval-ը:
Էրդողանը հայտարարել է, որ ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժին է ստացել: «Ես ստուգեցի, թե արդյոք իմ հակամարմինների մակարդակը չի բարձրացել: Միլիլիտրի համար ես հասել եմ 2160 միավորի, փառք աստծո»,- ասել է նա:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, 84 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում COVID-19-ի դեմ ավելի քան 29,25 միլիոն պատվաստում է արվել:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ավելի քան 16,6 միլիոն մարդ ստացել է առաջին չափաբաժինը, իսկ ավելի քան 12,5 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստված է, բայց, երկիրը պայքարում է պատվաստանյութերի սուր պակասի հետ:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ երկիրը մինչ հունիսի կեսը պետք է BioNTech-ի 12 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ստանա:
Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը հարցրել է, թե որտեղ իրավունք ունի Էրդողանը լրացուցիչ չափաբաժիններ ստանալու, երբ նույնիսկ երկրի բուժաշխատողները չեն կարողացել դա անել: Նա Էրդողանից բացատրություն է պահանջել, որ առաջին դոզան իրեն տրվել է 2020-ի վերջին, երբ երկրում պատվաստանյութը ոչ մեկին հասանելի չէր:
Առաջին ներարկումը Էրդողանին արվել է հունվարի 14-ին, իսկ երկրորդը՝ փետրվարի 11-ին: Հայտնի չէ, թե երբ է նա արել երրորդը:
Թուրքիայում համավարակը ավելի քան 47 000 մարդու կյանք է խլել: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում երկիրը հաղորդել է 7181 նոր դեպքի մասին, իսկ չորեքշաբթի օրը` 112 մահվան մասին:



























