G7-ի առաջնորդները պետք է շտապ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր նվիրաբերեն, որպեսզի խուսափենք այնպիսի հետեւանքներից, ինչպիսին էր 1918 թ. գրիպի համավարակը, որը 50 միլիոն մարդու կյանք խլեց, Reuters-ին հայտնել է Համաճարակներին պատրաստվածության ապահովման ինովացիաների կոալիցիայի (CEPI) ղեկավար Ռիչարդ Հաթչեթը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում մահացել է շուրջ 3,7 միլիոն մարդ եւ վարակվել ավելի քան 170 միլիոն մարդ, մինչդեռ 1918-1919 թթ․ մահացել է շուրջ 50 միլիոն մարդ, իսկ աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը ենթադրաբար վարակվել է H1N1 գրիպով (իսպանկա)։
Բայց մինչ հասարակությունը COVID-19-ի դեմ պատվաստումների արագ տարածման շնորհիվ վերադառնում է նորմալ կյանքին այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, շատ այլ երկրներ չունեն անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր:
Ռիչարդ Հաթչեթը բերել է Պերուի օրինակը, որտեղ վերջերս մահերի թիվն աճել է: «Սա բարոյական պարտք է, եթե ուզում ենք խուսափել Պերուի նման իրավիճակներից, եթե ուզում ենք խուսափել այնպիսի հետեւանքներից, որոնք կարող են մրցել 1918-ի գրիպի հետեւանքների հետ։ Մենք պետք է պատվաստանյութեր ուղարկենք երկրներ, որպեսզի հենց հիմա պաշտպանենք նրանց բուժաշխատողներին եւ բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նա։
G7-ի առողջապահության նախարարները հանդիպում են Օքսֆորդում, եւ Հաթչեթը ղեկավարներին կոչ է արել «քաղաքական համարձակություն» ցուցաբերել ու հնարավորինս շուտ կիսել պատվաստանյութերը:
«Համավարակի ավարտի սպասումը եւ պատվաստանյութի ուշացած առաքումը իսկապես կնվազեցնի դրա արժեքը»,- ասել է Հաթչեթը:





























