2020 թ․ ԵՄ-ն 68,7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին բյուջետային օգնության համար: Այս մասին խորհրդարանական չորս մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուզազյանը:
Մինչդեռ Հայաստանի ֆինանսների նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ 2019-ը բյուջետային օգնության համար վարկային միջոցներ ներգրավելու վերջին տարին է, եւ տնտեսության հիմքերը ամրապնդելու համար իշխանությունները կանցնեն նպատակային վարկավորման: Նշվել է նաեւ, որ 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրում ամրագրված քաղաքականության շրջանակներում միջնաժամկետ հեռանկարում հանրապետությունը չի նախատեսում վարկեր ներգրավել բյուջետային օգնության համար, ինչը աննախադեպ փաստ է, առնվազն վերջին 10 տարվա ընթացքում:





























