2020 թվականին Հայաստանի Ազգային Ժողովն աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար ծախսել է շուրջ 1 միլիոն դրամով պակաս, քան 2019-ին: Այդ մասին Հայաստանի ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջեի հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավար Առնակ Ավետիսյանը:
ԱԺ ներկայացուցչի խոսքով՝ ծախսերի այդ հոդվածի կրճատումը պայմանավորված է ներկայացուցչական եւ գործուղումներին վերաբերող ծախսերի կրճատմամբ, ինչպես նաեւ պարգեւավճարների տնտեսմամբ: Մասնավորապես, խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձերն ու հավելավճարները նախատեսված էին 3 միլիարդ 190 միլիոն դրամի չափով:
«Փաստորեն, ծախսերը կազմել են 3 միլիարդ 180 միլիոն դրամ: Ծախսերի հոդվածով՝ պարգեւավճարները, դրամական պարգեւատրումն ու հատուկ վճարները 601 միլիոն դրամի փոխարեն տրամադրվել են 466 միլիոն դրամի չափով: Փաստացի ներկայացուցչական ծախսերը կազմել են 38 միլիոն դրամ 92 միլիոնի փոխարեն»,-պարզաբանել է Ավետիսյանը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանում կրճատել են նաեւ վառելիքի ծախսերը: Այսպես, փաստացի ծախսերը, ի տարբերություն 2019 թվականի, կրճատվել են 7 տոկոսով եւ կազմել 57 միլիոն դրամ՝ 63 միլիոնի փոխարեն:
Ընդհանուր առմամբ Հայաստանի ԱԺ աշխատակազմի ծախսերը հաշվետու տարվա 6 միջոցառումների համար կազմել են 4 միլիարդ 787 միլիոն դրամ կամ 6,96 միլիարդ նախատեսվածի 90,9 տոկոսը»,-ընդգծել է ԱԺ ներկայացուցիչը:
Արդյունքում, ինչպես նշել է Ավետիսյանը, ընդհանուր առմամբ պետական բյուջե է վերադարձվել 1,3 միլիարդ դրամ:





























