Ամերիկացի վաթսուներեք նախկին ռազմահրամանատարներ, պաշտոնատար անձինք եւ օրենսդիրներ կողմ են արտահայտվել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի սահմանափակմանը եւ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել քննարկել այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնեւում կայանալիք հանդիպման ժամանակ: Նրանք հինգշաբթի Սպիտակ տան ղեկավարին ուղարկած եւ Կենսունակ աշխարհի խորհրդի (Совет за жизнеспособный мир) հասարակական կազմակերպության կայքում տեղադրված իրենց նամակում նշել են, որ «ՀՀՊ-ի հարցը պետք է ներառվի Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում», - հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի եւ ամերիկյան պաշտպանությունը հաղթահարելու նպատակով Ռուսաստանի ու Չինաստանի կողմից մշակվող նոր համակարգերի միջեւ սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու հնարավորություն կա», - կարծում են նամակի հեղինակները: «ՀՀՊ-ի էշելոնացված համակարգ տեղակայելու ԱՄՆ ներկայիս ծրագրերը եւ տիեզերքում սենսորներ տեղակայելու միջոցով գերձայնային հրթիռներին հետեւելու եւ որսալու միջոցներ ձեռք բերելու ցանկությունը սպառնում է միջուկային զենք ունեցող պետությունների ռազմավարական կայունությանը»:
Ինչպես նշվում է նամակում, ԱՄՆ-ի կողմից անցկացվող հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների փորձարկումները անհանգստություն են առաջացնում Մոսկվայում եւ, ի վերջո, «հանգեցնելու են ԱՄՆ անվտանգության խաթարմանը, քանի որ այս համակարգը հաղթահարելու համար Ռուսաստանը ի պատասխան նոր զենք է ստեղծում»: «Ռազմածովային ուժերի նավերի վրա Aegis ՀՀՊ-ի որսացող նոր համակարգերի ստեղծման եւ նման համակարգով հագեցած Էսկադրային ականակիրների ստեղծման կասեցումը կարող է ռազմավարական կայունության վերականգնման եւ միջուկային զենքի մրցավազքի դադարեցման առաջին քայլը դառնալ», - գրել են ուղերձի հեղինակները:
Նրանք հիշեցնում են, որ «1950-ականներից ի վեր ԱՄՆ-ն արդեն ավելի քան 400 միլիարդ դոլար է ծախսել ՀՀՊ տարբեր բաղադրիչների վրա»: Սակայն, օրինակ, հորերի մեջ տեղակայված հրթիռներ որսացող համակարգերը դեռեւս չեն ցուցադրել թիրախները արդյունավետորեն խոցելու իրենց ունակությունը. հեշտացված պայմաններում կատարված 19 փորձարկումներից միայն 11-ն է հաջողվել, նշել են նամակի հեղինակները:
Նամակը ստորագրողների թվում են պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Գարդը, որը ժամանակին ղեկավարել է Պաշտպանության ազգային համալսարանը, Ջորջ Բուշի՝ Ռուսաստանի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեմը, նախագահ Բարաք Օբամայի՝ անվտանգության հարցերով նախկին օգնական Բեն Ռոուդսը, ԱՄՆ պետքարտուղարի՝ միջազգային անվտանգության եւ չտարածման հարցերով նախկին օգնական Թոմաս Քանթրիմենը, նախկին սենատորներ Թոմ Հարկին եւ Գերի Հանթը:
Պուտինը եւ Բայդենը հանդիպելու են Ժնեւում հունիսի 16-ին: Ինչպես Կրեմլում են նշել, նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը եւ դրանց զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի արդիական թեմաները՝ ներառյալ համավարակի դեմ պայքարում փոխգործակցությունը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:





























