Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելը ռազմական հանցագործությանը հավասարազոր արարք է: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շահարկում է գերիների վերադարձի հարցը և նշել, որ այս հարցում անհրաժեշտ է շարունակել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա:

«Ռազմական հակամարտությունը չի ավարտվել, իսկ դա նշանակում է, որ խոսքը գնում է գերիների մասին: Ադրբեջանական կողմի այն փաստարկները, թե գերեվարված հայերը ցանկացել են ահաբեկել խաղաղ բնակիչներին, մեղմ ասած, համոզիչ չեն, քանի որ նրանք մոռանում են, որ Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների ​​գոտուց շատ ավելի հեռու էր գտնվում: Ես սա անընդհատ հիշեցնում եմ միջազգային գործընկերներին: Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, ապա դրանք տարվում են, այդ թվում` վերջերս գերի ընկած վեց հայ զինծառայողների վերադարձի ուղղությամբ», - նշել է ՄԻՊ-ը: