Հայաստան-Թուրքիա մրցախաղը պատմության մեջ կմտնի իր բացառիկությամբ։ Հոկտեմբերի 13-ին Բուրսա քաղաքում, լրագրողների հետ հանդիպմանը այդպիսի կարծիք է հայտնել Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարպուրտը։ Նրա խոսքով, Բուրսայում հայ պատվիրակությանը քաղաքը կցուցադրի իր հյուրընկալությունը եւ ազգային մշակույթը։
«Ես հավատում եմ, որ երկու հավաքականների հանդիպման արդյունքում կհաղթանակի ընկերությունը»,-նշել է Հարպուրտը, ավելացնելով, որ մրցախաղը կարեւոր քայլ կլինի երկու պետությունների հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա նկատել է, որ արդեն երկու օր է, ինչ հայ ֆուտբոլիստները եւ պատվիրակության անդամները գտնվում են թուրքական քաղաքում, եւ նրանք արդեն հասցրել են ծանոթանալ ավանդույթների, Բուրսայի մշակութային յուրահատկությունների եւ տեղի բնակչությանը։
Ինչ վերաբերում է Բուրսա այցելած հայ պատվիրակության անվտանգության ապահովմանը, նահանգապետը ընդգծել է, որ հատկապես խաղի ժամանակ ոչ մի պատահարներ չեն լինի։ Նա մեկնաբանել է նաեւ որոշ ԶԼՄ-ի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե քաղաք են բերվել 15000 ադրբեջանական դրոշներ։ «Այս ամենը պարզ սադրանք է, եւ ես չեմ ուզում խոսել սպեկուլյատիվ բնույթ ունեցող հարցերից»։
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպմանը Հարպուտը նաեւ ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայր պետություններ են եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն Կովկասում խաղաղություն ապահովումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, եւ Թուրքիան իր քաղաքականությունն իրականացնելու է այդ ուղղությամբ։




























