Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այլատյացության հողի վրա սպանվել է 38 մարդ, ևս 106-ը վնասվածքներ են ստացել,- հայտնել է Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոն։ Մարդկանց վրա հարձակումներ են գրանցվել Մոսկվայում և Մոսկվայի մարզում (21 մահացած, 68 վիրավոր), Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում (4 մահացած, 12 վիրավոր), Նիժնի Նովգորոդում (2 մահացած, 10 վիրավոր) և Ռուսաստանի շատ այլ շրջաններում։
Ազգայնամոլների ու այլատյացների զոհերի թվում են՝ տաջիկները (4 մահացած, 8 վիրավոր), դաղստանցիները (2 մահացած, 4 վիրավոր), ադրբեջանցիները (1 մահացած, 7 վիրավոր), չինացիները (1 մահացած, 2 վիրավոր), հայերը, կորեացիները, բաշկիրները (1-ական մահացած և վիրավոր), ինգուշները, չեչենները (1-ական մահացած), ռուսները (4 վիրավոր), հրեաները, իսպանացիները (3-ական վիրավոր), հնդիկները, կալմիկները, բանգլադեշցիները, բուրյաթները, քրդերը և լատինաամերիկացիները (1-ական վիրավոր)։
2008 թվականի ընթացքում գրանցվել է ազգային թշնամանքի հիման վրա նվազագույնը 152 հարձակման դեպք։ Արդյունքում սպանվել է 69 մարդ, ևս 170-ը վնասվածքներ են ստացել։
Իրավապահ մարմինները այս հարցով սկսել են ավելի ինտենսիվ զբաղվել, ինչի մասին վկայում է այլատյացության մեղադրանքով դատապարտվածների թվի աճը։ Սակայն, միաժամանակ, շատ դժվար է խոսել խնդրի նվազման մասին։ Սոցիալ-տնտեսական խնդիրները հանգեցնում են զանգվածների ագրեսիվության՝ էթնիկ փոքրամասնությունների ու ներգաղթածների նկատմամբ։ Չի նվազում նաև համապատասխան քարոզչության ծավալը ազգայնական ծայրահեղական հրատարակություններում, հատկապես ինտերնետ ցանցում։ Իսկ պետությունը առայժմ չի սկսում էթնիկ խմբավորումների միջև համաձայնությանն ու հանդուրժողականությանը ուղղված լայնածավալ միջոցառումներ, չի քարոզում մերժել ազգային պատկանելության վրա հիմնված ատելության գաղափարախոսությունը։ Այդ պատճառով շատ հնարավոր է, որ աշնանը ազգայնական ծայրահեղական խմբավորումները կրկին ակտիվանան։



























