Թերթը գրում է, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16 հազար 643 գործարք, ինչը 2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` ապրիլի եւ 23,1 տոկոսով` 2010-ի մայիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 1,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 21,7 տոկոսով: 4065 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 79,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 3,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել` 30,4 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ չնչին աճել են 0,2 տոկոսով:
Մարզերում, բացառությամբ Երեւանի, մայիսին վաճառվել են 315 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ 2010-ի մայիսի համեմատ` 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները ապրիլի համեմատ աճել են ընդամենը 0,1 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 185 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում)` 1 քմ գինը 140 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 138 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 129 հազար դրամ, Գորիսը` 126 հազար դրամ, Իջեւանը 128 հազար դրամ, Մասիսը 121 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: Բոլոր այս բնակավայրերում նախորդ տարվա մայիսի համեմատ գները զգալիորեն նվազել են:
2011-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 462 գործարք, որից 125-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի ապրիլի համեմատ աճել է 3,4 տոկոսով, իսկ մարզերում` 2,1 տոկոսով: 2010-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 37,6 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով:
…Այսպիսով, դատելով ներկայացված տվյալներից, Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է լճացման վիճակում: Այն կրկին կարող է ակտիվանալ, երբ Հայաստանում մայիսին գրանցված տնտեսական ակտիվության աճը շարունակվի եւ կայունանա:




























