Մսավաճառների հետ կապված դեպքերը արհեստական վակուում ստեղծեցին եւ դա խթանեց մսի գների աճը: Տավարի մսի վերջին թանկացումներն այսպես մեկնաբանեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը, ստուգումների արդյունքում փակել է ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գործող մսավաճառների կրպակները:
«Մի խթան էր պետք, որ պետական այրերն արեցին ժողովրդի գլխին»,- հայտարարեց Հ. Բերբերյանը: Նրա կարծիքով, ամռան այս ամիսներին խոշոր եղջերավոր անասուններին սար են տանում, ինչը կարող էր ազդել մսի առաջարկի վրա, սակայն տվյալ պարագայում այլ պատճառներ են եղել:
Ըստ Բերբերյանի` 1կգ տավարի մսի մեծածած գինը ներկայում 2350 դրամ է, մի ամիս առաջվա 2000 դրամի համեմատ: Սպառողներին միսն իրացվում է կգ-ը 2500-2600 դրամով:




























