Գյումրիում շտապօգնության բժշկին սպանելու փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով, իսկ սպանողին` 28-ամյա Արտակ Կարապետյանը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 26-ի ուշ երեկոյան ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ էր ստացվել շտապօգնության կայանից, որ թիվ 10 բրիգադը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն, որտեղ նշված հասցեի բնակիչները վիճաբանել են շտապօգնության աշխատակիցների հետ:

Դեպքի վայր ժամանած Գյումրիի ոստիկանության օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր թիվ 10 բրիգադի բժիշկ, վիրաբույժ, Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Աշոտ Գրիգորյանի դին:

Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել 28-ամյա Արտակ Կարապետյանը:

Դեպքի վայրում հարեւանները պատմել են, որ Արտակի հայրը վատ է զգացել, որի համար շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, պատճառաբանելով, թե ինչու ես ուշացել: Իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակն այս անգամ բակում է ծեծի ենթարկել բժշկին: Բժիշկը հենց մուտքի մոտ էլ մահացել է:

Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի