Վաշինգթոնը հիմքեր չի տեսնում Վրաստանի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրեր տեղակալեու համար: Այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ես որեւէ պատճառ չունեմ մտածելու, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրեր կտեղակայվեն Վրաստանի տարածքում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆմիացյալ կոմիտեի պետերի շտաբի ղեկավարի տեղակալ Ջեյմս Քարթրայթը սեպտեմբեր ամսին, Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նոր ճարտարապետության շրջանակներում, հայտարարել է, որ Պենտագոնը մտադիր է դրանք Չեխիայի փոխարեն տեղակայել Կովկասում, չմասնավորեցնելով, թե կոնկրետ որ երկրում:

«Ես գիտեմ, որ դա շատ է անհանգստացնում Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է հանել այդ մտահոգությունը եւ ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ տեղակայել նման համակարգեր, որը կկարողանա պաշտպանել եւ մեր ժողովրդին եւ ձեր ժողովրդին եւ եվրոպական բարեկամներին ու ընկերներին»,- ասել է Քլինթոնն ու հավելել. «Մեզ անհրաժեշտ է ստեղծել հակահրթիռային համակարգերի որքան հնարավոր է լայն շրջանակ, որը կպաշտպանի մեզ փոքր եւ միջին հեռահարության հրթիռներից»:

Հիշեցնենք, որ Ջորջ Բուշի վարչակարգը մտադիր էր նման համակարգեր տեղակայել Չեխիայում եւ Լեհաստանում, սակայն ԱՄՆ ներկա նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է այս հարցում լսել Ռուսաստանի կարծիքը: