ՌԴ ռազմական հայեցակարգի նոր խմբագրումը նախատեսում է ագրեսորին նախազգուշական միջուկային հարված հասցնելու հնարավորություն, ազգային անվտանգությանը սպառնացող ճգնաժամային իրավիճակներում։ Ռազմական հայեցակարգով միջուկային զենքի օգտագործումը նախատեսված է Ռուսաստանի կարգավիճակի պահպանման շրջանակներում, որպես միջուկային տերություն, որը կարող է կանխել պոտենցիալ հակառակորդի ագրեսիան՝ ուղղված Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների դեմ։ Ինչպես հայտնել է ռուսական «Վեստի» հեռուստաընկերությունը, հոկտեմբերի 13-ին համապատասխան հայտարարություն է արել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։
«Բացի այդ, նախատեսվում է միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը՝ կախված իրավիճակից եւ հակառակորդի մտադրություններից»,-ասել է նա «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։ Փաստաթղթով զինված հակամարտությունները բաժանված են ըստ ծավալի՝ լայնածավալ, տարածաշրջանային եւ տեղային։ Պատրուշեւի խոսքով՝ ներկայում աշխարհում լայնածավալ պատերազմներին սկսել են գերակշռել տեղային հակամարտություններն ու զինված առճակատումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, փաստաթղթի նոր խմբագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նաեւ ՆԱՏՕ նոր անդամների ընդունման գործընթացով, այդ ռազմական դաշինքի գործունեության ակտիվացմամբ, միջուկային զենքի կառավարումը կատարելագործելու ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի զորավարժություններով։
Հիշեցնենք, որ համաձայն ՌԴ ռազմական նախկին հայեցակարգի, միջուկային զենքը դիտարկվում էր, որպես ագրեսիան զսպող, Ռուսաստանի եւ նրա գործընկերների անվտանգությունը, միջազգային կայունությունն ու խաղաղությունը ապահովող միջոց։




























