Բուրսան սպասում է ֆուտբոլային խաղին: Քաղաքի բնակիչները զարմացած են, որ հայկական պատվիրակությանը նման աննախադեպ հսկողության տակ են պահում: Քաղաքացիներից շատերը նշում են, որ չնայած Բուրսայի երկրպագուները շատ կազմակերպված եւ ֆանատիկ են. Սակայն միեւնույն ժամանակ հյուրասեր են եւ վիրավորված են, որ իրենցից հեռու են պահում հայ հյուրերին:

Բուրսայի խաղաղ վիճակը փորձում են խախտել ադրբեջանցիները եւ նրանց աջակցող որոշ ազգայնական թուրքեր: Այն վայրում, որտեղ հայկական հեռուսաընկերությունները կազմակերպում են արբանյակային հեռարձակում` մինչ հայ լրագրողների գալը տեղի ունեցել 30 հոգանոց փոքր ցույց` ադրբեջանական դրոշներով: Սակայն երբ հայ լրագրողները ժամանել են այդ վայրը` ոստիկանությունը դադարեցրել է հավաքը եւ հեռացրել մասնակիցներին: Եւ մի բան հաստատ պարզ է: Զրուցելով այն քիչ թվով խանութների եւ տաղավարների աշխատակիցների հետ, որոնց աշխատավայրում կախված է ադրբեջանական դրոշ, պարզվում է, որ նրանց 90 տոկոսը ունեն ադրբեջանական ծագում: Առաջին հայացքից նրանց մատնում է իրենց ադրբեջանական բարբառը:

Ինչպես Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքում մի տեսակ իրարանցում է առաջացրել նահանգապետի այն խոսքը, թե չի արգելվելու ադրբեջանական դրոշ ծածանել մարզադաշտում: Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը հայտարարել է, որ աշխարհի ցանկացած երկրի դրոշով կարելի մտնել մարզադաշտ՝ Թուրքիա-Հայաստան խաղին, միայն թե այդ դրոշներով մտնողները պետք է դա անեն բարեկամության եւ խաղաղության մտադրություններով: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Բուրսայի նահանգապետը ադրբեջանական դրոշի հետ կապված հայտարարել էր, թե Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը ընդամենը մրցախաղ է եւ ոչ թե ադրբեջանաթուրքական դաշինքը ցուցադրելու միջոցառում: Իսկ երեկ, հայ եւ թուրք լրագրողների ներկայությամբ, Բուրսայի նահանգապետը շեշտեց, որ այս խաղը ունի պատմական նշանակություն եւ դրական հող կնախապատրասի թե Հայաստան-Թուրքիա, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում նոր ժամանակաշրջան սկսելու համար: Հոկտեմբերի 13-ի երեկոյան Բորսայի նահանգապետը այդ քաղաքում գտնվող Հայաստանի հավաքականին եւ հայկական պատվիրակության բոլոր անդամներին ուղարկել էր նվերներ` տուփով Բուրսայի խորհրդանշական շաքարապատ շագանակ, Բուրսայի մասին պատմող գիրք, տեսասկավառակ, իր անձնական այցեքարտը եւ այլն:

Մեկ այլ անհարթության մասին եւս: Բուրսայի բազմաթիվ քաղաքացիներ արդեն երկար ժամանակ գալիս են Աթաթուրքի անվան մարզադաշտ՝ Թուրքիա-Հայաստան խաղի համար տոմսեր գնելու, սակայն մինչեւ օրս նրանց չի հաջողվել տոմսեր ձեռք բերել: Բուրսայի նահանգապետը հայտարարել էր, որ տոմսերը կբաժանվեն անվճար: Սակայն պարզ է դարձել, որ տոմսերը կբաժանվեն ոչ բոլորին, այլ, կարելի է ասել, ընտրված մարդկանց: Սրանով փորձ կարվի հսկողության տակ վերցնել խաղը եւ թույլ չտալ անցանկալի զարգացումներ: Խաղի համար կբաժանվի 15000 տոմս` չնայած մարզադաշտը կարող է ընդունել մինչեւ 35 հազար հանդիսատես: «Բուրսասփոր»-ի երկրպագուների մոտ այս որոշումը լուրջ դժգություն է առաջացրել, քանի որ նրանք, թեկուզ գումարով, ցանկանում են տոմսեր ձեռք բերել եւ դիտել խաղը, քանի որ երկար են սպասել այս հանդիպմանը: Երեկ Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի տոմսարկղերի մոտ հավաքված երկրպագուների խումբը իր բողոքը վերածեց հանրահավաքի, որը, սակայն, շուտով ոստիկանության ուժերի կողմից ցրվեց:

Բուրսացիների հայկական պատվիրակության եւ հայկական հավաքականի հանդեպ ընդհանուր առմամբ դրական պահվածքը եւ հյուրընկալությունը ստիպում է մտածել, թե բուրսացիները ընկալում են, որ իրենք ակամայից դառնում են պատմական իրադարձության վկաները: