Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ ԼՂ խնդիրն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարեւորագույն հարց է եւ էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ ԱՄՆ հարաբերություններում: Այս մասին հայտնել է Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է արդյունավետ լինել մի կողմից` ԱՄՆ-ի, մյուս կողմից միմյանց հետ հակասություններ ունեցող հարավկովկասյան երկրների միջեւ համագործակցությունը, Սելեսթ Վոլանդերը պատասխանել է. «Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի մոտեցումը հետեւյալն է` կենտրոնանալ հատկապես այն ոլորտների ուղղությամբ, որոնցում մենք կարող ենք կառուցողական ու օգտակար օժանդակություն ցուցաբերել երկու երկրներին էլ: Այնպիսի օժանդակություն, ինչն այդ երկրներին հնարավորություն կտա մեծացնել իրենց ներդրումը միջազգային անվտանգության ամրապնդման գործում»:
Խոսելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների մասին` Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակն իսկապես շատ բարձր է եւ շարունակում է աճել:
«Սկսած այն պահից, երբ ես պատասխանատվություն ստանձնեցի պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, մենք ընդլայնեցինք համատեղ իրականացվող մի շարք միջոցառումներ` կենտրոնանալով առավել ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք ավելացրել ենք այն վարժանքների ու ծրագրերի թիվը, որոնց Հայաստանը մասնակցում է: Հայաստանն իր հերթին ընդլայնել է միջազգային գործողություններում իր ներգրավվածությունը, այդ թվում` բոլորովին վերջերս Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում իր ներկայությունը», - նշել է ամերիկացի պաշտոնյան:




























