Pfizer Inc. ամերիկյան դեղագործական ընկերությունը դադարեցրել է ծխելը թողնելու համար նախատեսված Chantix դեղամիջոցի մատակարարումն ամբողջ աշխարհում եւ հետ է կանչել մի քանի խմբաքանակ՝ բացահայտելով, որ դրանք պարունակում են քաղցկեղածինների բարձր մակարդակ, որոնք հայտնի են որպես նիտրոզամիններ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է Ինտերֆաքս-ը:

Ընկերությունը պատրաստվում է լրացուցիչ հետազոտություն իրականացնել` ստուգելու դրանց պարունակության մակարդակը դեղամիջոցի այլ խմբաքանակներում, ասվում է հաղորդագրության մեջ: Որպես նախազգուշական միջոց, հետազոտության ընթացքում Pfizer-ը դադարեցրել է դեղամիջոցի վաճառքն ու մատակարարումը:

Ընկերությունը հայտնել է, որ ստուգում է նիտրոզամինների առկայությունը դեղամիջոցի խմբաքանակում՝ Սննդի եւ դեղերի վարչություն (FDA) եւ այլ կարգավորիչների հարցմամբ: Հաղորդագրության մեջ չի նշվում խմբաքանակների թիվը:

Նիտրոզամինները հաճախ հայտնաբերվում են ջրի եւ սննդամթերքի մեջ եւ չեն համարվում վնասակար, եթե օգտագործվում են փոքր քանակությամբ, կարելի է եզրակացնել FDA-ի կայքի տեղեկատվությունից: Այնուամենայնիվ, դրանք կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե երկարատեւ ժամանակահատվածում օգտագործվեն ավելի մեծ չափաբաժիններով, նշել է կարգավորիչը:

FDA-ը ստուգում է նիտրոզամինների առկայությունը մի քանի դեղամիջոցներում: