Ուղտերը, որոնք ապրում են աշխարհի ամենաչոր շրջաններում, կարող են շատ երկար ժամանակ ապրել առանց ջրի մի շարք կենսաբանական հնարքների շնորհիվ: Ինչպես գրում է Communications Biology պարբերականը, այդ հնարքներից մի քանիսը մինչեւ վերջերս եղել են անհայտ:

Ուղտերը ստեղծված են, որ առանց էական խնդիրների ապրեն անապատում: Այժմ գիտնականներին հաջողվել է բացահայտել միկրոկենսաբանական մեխանիզմները, որոնց հաշվին ուղտերի երիկամները ծախսում են նվազագույն չափով խոնավություն, հաղորդում է Planet-today-ը:

«Երիկամները զտում են արյան պլազման, որից մի քանի փուլով ձեւավորվում է մեզը: Երիկամները պետք են արյան կազմն ապահովելու համար, որպեսզի դրանում առկա լինի լուծված նյութերի անհրաժեշտ քանակությունը: Մեզի կոնցենտրացիան չի կարող գերազանցել սահմանային շեմը, երբ դրանից ջրի հետագա հեռացումը դառնում է անհնարին: Այդ առումով ուղտի երիկամները շատ յուրահատուկ են. ջրի պակասի դեպքում դրանց բջիջներում գեների աշխատանքը փոխվում է, եւ մեմբրանները դառնում են պակաս ներթափանցող, ինչի հաշվին զտվում է ավելի շատ ջուր»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ֆերնանդո Ալվիրա Իրայզոսը:

«Ուղտերի երիկամներում ջրի պակասի դեպքում ճնշվում է խոլեստերինի մետաբոլիզմը, ինչը կրճատում է ջրի համար բջջային մեմբրանների ներթափանցելիությունը: Այդկերպ երիկամներըկրճատում են ջրի ծախսը մեզի ձեւավորման համար»,-հավելել է գիտնականը: