Երաժշտագետ Պիտեր Կուպֆերն ուսումնասիրել է Բախի ստեղծագործությունների օգտագործումը հեռուստատեսային գովազդներում 2009–2019 թվականներին: Բախի ստեղծագործությունները, ինչպես մյուս դասական կոմպոզիտորներինը, հաճախ օգտագործում են, որպեսզի ցույց տան գովազդվող ապրանքանիշի վարկանիշը: Պարզվել է, որ գերմանացի կոմպոզիտորի երաժշտությունը սպառողին հանգստացնելու հատկություն ունի: Բայց դրանից միայն գովազդատուներն են շահում, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով BACH: Journal of the Riemenschneider Bach Institute-ին:

Երաժշտագետ Պիտեր Կուպֆերը՝ Տեխասի Հարավային մեթոդական համալսարանից, ուսումնասիրել է բոլոր պայմանները, որոնց դեպքում Բախի երաժշտությունը կատարվել է 19 գովազդային հոլովակներում, որոնք ԱՄՆ-ում հեռարձակվել են 2009-2019 թվականներին: Նա նշել է, որ, ինչպես մյուս դասականները, Բախի ստեղծագործությունները նույնպես օգտագործվում են վաճառվող արտադրանքի վարկանիշն ընդգծելու համար: Կամ նման երաժշտություն կարելի է օգտագործել իրավիճակի զավեշտական բնույթը շեշտելու համար:

Սակայն ամենակարեւոր զգացումը, որ առաջացնում են Բախի աշխատանքները, «վստահությունն է, որ ապրանքի ընտրությունը կբերի ավելի երջանիկ, առողջ եւ անվտանգ կյանքի»: Չնայած դրան, պրոֆեսոր Կուպֆերն ասում է, որ Բախի գրածի մեջ ոչ մի հուսադրող բան չկա:

Ավելի շուտ, եզրակացնում է նա, դրանց վերացական բնույթը եւ վարկանիշի հետ ասոցիացիան հնարավորություն են տալիս հատուկ ուղերձներ փոխանցել լսարանին: Նրանք ձգտում են «վերափոխել» որոշակի ապրանքանիշի փորձը՝ այն ասոցացնելով զգացմունքների, գաղափարների կամ իմաստների հետ, ինչպիսին է, օրինակ, այն պատկերացումը, որ Jeep-ի վարորդներն ապրում են «արկածային կյանքով»:

Պրոֆեսոր Կուպֆերի կարծիքով, մարքեթինգում Բախի օգտագործումը կապված է նոր տենդենցի հետ, երբ պատվիրատուն հեռանում է ավանդական «տեղեկատվական» գովազդից, որն ընդգծում է արտադրանքի փաստացի առավելությունները, այսպես կոչված, «տրանսֆորմացնող» գովազդի հանդեպ: